Արժեթղթերի փաթեթի կառավարում

Արժեթղթերի փաթեթի կառավարում է համարվում փաթեթի կառավարչի կողմից իր տիրապետմանը հանձնված Հաճախորդին պատկանող և նրա օգտին կամ նրա կողմից նշված երրորդ անձանց օգտին (շահառու) կառավարչի անունից արժեթղթերի, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների, արժեթղթերի փաթեթի կառավարման հետևանքով ստացված արժեթղթերի և դրամական միջոցների կառավարումը՝ հաճախորդի կողմից տրված ցուցումների համաձայն:

Ակտիվներն արժեթղթերի փաթեթի կառավարման հանձնելը չի հանգեցնում Փաթեթի կառավարչին դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցմանը:

Ակտիվներն արժեթղթերի փաթեթի կառավարման հանձնելու համար հիմք է հանդիսանում գրավոր ձևով կնքված արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր): Արժեթղթերի փաթեթի կառավարումն իրականացվում է ներդրումային հայտարարագրի հիման վրա: Վերջինս Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող փաստաթուղթ է, որն արտացոլում է կառավարման հիմնադրի ակտիվների կառավարման ու ներդրման ուղղությունները (ներդրումային ռազմավարությունը), ինչպես նաև ներդրումային պորտֆելի կառուցվածքը:

Արժեթղթերի փաթեթի կառավարման շրջանակներում պայմանագրային հիմունքներով սահմանվում է իմաստալից հենանիշ, որը թույլ է տալիս գնահատել փաթեթի կառավարման արդյունավետությունը:

Վճարման եղանակներ

Հաճախորդի կողմից վճարումներ կատարելու պայմանները, եղանակները և ժամկետները սահմանված են Ընկերության «Արժեթղթերի փաթեթի կառավարման» կանոնակարգով և Պայմանագրով:

Հաճախորդի հետ կապ

Հաճախորդի հետ կապի հաստատման կարգը և ժամկետները սահմանված են Ընկերության «Արժեթղթերի փաթեթի կառավարման» կանոնակարգով և Պայմանագրով:

Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրերի ժամկետներ

Ընկերության կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրերը կարող են կնքվել առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Պայմանագրի դադարեցման դեպքում Հաճախորդի միջոցների  վերադարձման կարգ

Պայմանագիրը կարող է Հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել՝ փաթեթի կառավարչին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, փաթեթի կառավարիչը պարտավոր է Հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել Հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները, բացառությամբ այն ակտիվների, որոնք աաթեթի կառավարչի` երրորդ անձանց հետ կնքված պայմանագրերի ուժով ենթակա են վերադարձման ավելի ուշ ժամկետի ընթացքում. ընդ որում, նշված ակտիվները վերադարձվում են Հաճախորդին աաթեթի կառավարչի կողմից դրանք երրորդ անձանցից ստանալուն զուգընթաց, դրանցից յուրաքանչյուրի ստացումից 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Գործարքների իրականացման վայր

Ընկերության կողմից գործարքները կարող են կնքվել ինչպես ֆոնդային բորսայում (ֆոնդային բորսայի կողմից սահմանված կանոններին համապատասխան), այնպես էլ ֆոնդային բորսայից դուրս` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայությունների մատուցման պայմանները

Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված արժեթղթերի փաթեթի կառավարման  պայմանագրի տիպային օրինակից: Փաթեթի կառավարման սակագնի (պարգևավճարի) հաշվարկման կարգը ներկայացված է Պայմանագրի Հավելված 3-ում:

Մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Հաճախորդը պարտավոր է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ներդրումային գործունեության բնագավառում Հաճախորդի գիտելիքների և փորձի, նրա ֆինանսական վիճակի և ներդրումային նպատակների մասին, որը հնարավորություն կտա Հաճախորդին առաջարկել այնպիսի ներդրումային ռազմավարություն և արժեթղթերի պորտֆել, որոնք առավելագույնս համապատասխանում են Հաճախորդի ցանկությանը:

Հաճախորդը մինչև Ընկերության հետ արժեթղթերի փաթեթի կառավարան պայմանագիր կնքելը պետք է Ընկերությանը տրամադրի` իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի, գործադիր մարմնի ղեկավարի անձնագրի պատճեները կամ իրավաբանական անձի անունից պատվեր ներկայացնելու իրավասություն ունեցող անձի լիազորությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիր անհրաժեշտության դեպքում): Ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճեն կամ նույնականացման քարտի պատճեն: Ընկերության կողմից կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր և տեղեկություններ:

Սահմանաչափ

Փաթեթի կառավարչին Պայմանագրի շրջանակներում հանձնման ենթակա ակտիվների առաջնային մուտքի նվազագույն չափ է սահմանված 100 մլն. (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամը:

Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայության մատուցման շրջանակներում Փաթեթի կառավարիչը ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ եկամտաբերության որևէ երաշխավորված մակարդակ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ արժեթղթերում ցանկացած ներդրումն իր բնույթով հանդիսանում է ռիսկային, ինչը կարող է հանգեցնել Հաճախորդի ակտիվների մասնակի կամ ամբողջական կորստի: Հաճախորդի կողմից ակտիվների կառավարման համար տրված ցուցումների և/կամ Փաթեթի Կառավարչի կողմից ներդրումային հայտարարագրին չհակասող գործողությունների կատարման արդյունքում առաջացած վնասների ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: 

«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ն ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում: Գործարքներին առնչվող լրացուցիչ այլ ծախսերը կատարվում են հաճախորդի հաշվին:

 

Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև որևէ անհամապատասխանության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: